Արմինֆո.Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու պատճառներ չի տեսնում: Այդ մասին իսպանական EFE գործակալությանը հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին և Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությանը:
«Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և մեր հարաբերությունները երկար պատմություն ունեն: Այդ հարաբերությունների ձևավորման ընթացքում բազմաթիվ կապեր են ստեղծվել, որոնք մեզ համար կենսական կարևորություն ունեն: Մենք դրանք խզելու որևէ պատճառ չենք տեսնում: Ընդհակառակը՝ ցանկանում ենք այդ հարաբերությունները խորացնել և ընդլայնել: Դա բխում է մեր ազգային շահերից: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ մակարդակով: Մենք անդամակցում ենք Եվրասիական տնտեսական միությանը, ՀԱՊԿ-ին, ինչպես նաև համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ես չեմ ցանականում որևէ գնահատական տալ արևմտյան երկրների քաղաքականության առնչությամբ, որոնք ներկայումս Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններ ունեն, քանի որ կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր կազմակերպություն ինչ-որ քայլ անելիս այն նախապես ճիշտ է համարում»,- ասել է ՀՀ նախագահը:
Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը ինչ-որ մասնակցություն ունենալ ԵՄ և Ռուսաստանի միջև հարաբերություների կարգավորման հարցում՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը փոքր երկիր է, և չէր ցանկանա գերագնահատել վերջինիս դերը և ասել, որ այն կարող է կամուրջ դառնալ Արևմուտքի և Ռուսատանի միջև: «Դա չափազանցություն կլիներ: Հետևաբար՝ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և ՌԴ միջև: Կարծում ենք, որ կողմերի միջև տարաձայնություններից օգտվելը վտանգավոր է: Շատ դեպքերում փոքր երկրների համար դա կարող է ճակատագրական լինել: Այդ պատճառով մենք մեզ ավելի հարմարավետ ենք զգում, երբ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լարված չեն: Դա մեզ համար առավել ընդունելի վիճակ է»,- ասել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով ԵՄ և ԵՏՄ հարաբերություններին՝ Սարգսյանն ասել է, որ այդ երկու տնտեսական և քաղաքական կառույցների միջև, հնարավոր է, հակասություններ կան, սակայն լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը միաժամանակ ձգտում է համագործակցել նաև Եվրամիության հետ: «ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Ամեն տարի մենք բարելավում ենք մեր հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, ինչը նույնպես համապատասխանում է մեր ազգային շահերին: Տեղյակ եք, որ ԵՄ-ը մշակել է «Արևելյան գործընկերություն» կոչվող ծրագիրը, որի ներսում տարբեր խնդիրներ կային: Սակայն 2015 թ. Ռիգայի գագաթնաժողովից հետո ամեն ինչ փոխվեց, քանի որ որոշում ընդունվեց, որ ԵՄ-ը պետք է «Արևելյան գործընկերության» յուրաքանչյուր անդամի նկատմամբ դիֆերենցված մոտեցում ունենա»,- ասել է Հայաստանի նախագահը:
Նա հիշեցրել է, որ գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո Հայաստանը ցանկություն է հայտնել վերականգնել ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ 2015 թ. դեկտեմբերին Հայաստանը և ԵՄ-ն հայտարարեցին բանակցությունների մեկնարկի մասին: «Մեկ շաբաթ առաջ Բրյուսելում ես և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեցինք բանակցությունների ավարտի մասին: Ամեն ինչ պատրաստ է ստորագրմանը: Մենք մեր վարած քաղաքականության մեջ որևէ հակասություն չենք տեսնում: Ընդհակառակը, համոզված ենք, որ այն հավասարակշռված է, և փաստաթղթերից ոչ մեկում չկան կետեր, որոնք հակասում են միմյանց: Ինչո՞ւ խոսեցի փաստաթղթերի մասին: Որովհետև կարծում եմ, որ պետության ամենակարևոր պարտականություններից մեկը պատասխանատվությունն է և իր գործողությունները պաշտպանելու ունակությունը»,- եզրափակել է Սարգսյանը: