Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքը Հանրապետական կուսակցության հետ հետընտրական կոալիցիա չի կազմի, «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է դաշինքի անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, եթե Ծառուկյանը և նրա կողմնակիցները ցանկանային ՀՀԿ հետ կոալիցիա կազմել, որը, ըստ Զոհրաբյանի, պատասխանատու է բոլոր ոլորտներում ճգնաժամային իրավիճակի համար, 2012 թվականին չէին հրաժարվի շարունակել կառավարող կուսակցության հետ համագործակցությունը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ընտրողների վրա ճնշումների, կեղծիքների ու կաշառքների բացակայության դեպքում «Ծառուկյան» դաշինքը կստանա ձայների 50%+1 և կձևավորի կառավարություն:
Դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ, «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանն իր հերթին հայտարարել է, որ եթե «Ծառուկյան» դաշինքը ձայների բացարձակ մեծամասնություն չստանա, հետընտրական կոալիցիա կձևավորի մյուս քաղաքական ուժերի հետ, ՀՀԿ-ից բացի:
Ավելի վաղ ՀՀԿ հետ հետընտրական համագործակցության անհնարինության մասին հայտարարել են «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի բացառել ՀՀԿ հետ համագործակցելու հնարավորությունը, եթե իր ձայնը որոշիչ լինի պետական որոշումներ ընդունելիս:
Եվ միայն ՀՅԴ-ն չի բացառել կառավարող կուսակցութան հետ հետընտրական կոալիցիայի հնարավորությունը:
Մինչդեռ ՀՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրները նույնպես հավաստում են ՀՅԴ հետ հետընտրական կոալիցիա ստեղծելու մասին, քանի որ, կուսակցության ներքին հարցումների և վերլուծությունների հըամաձայն, վերջինս միայնակ չի կարողանա իր համար ապահովել ընտրողների ձայների բացարձակ մեծամասնություն: Առավելագույն ցուցանիշը, որն ակնկալում է ՀՀԿ-ն ապրիլյան ընտրություններում, ձայների 46%-ն է: