Արմինֆո.Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Թուրքիայի՝ որպես միջնորդ ներգրավվածության հարցում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Մոսկվայում Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը:
Նրա խոսքով, Թուրքիան պարբերաբար հակամարտության կարգավորման հարցում իր դերի ակտիվացմանն ուղղված ջանքեր է գործադրում, բայց առայժմ՝ ապարդյուն: Նա հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալու Թուրքիայի փորձերի մասին: «Անշուշտ, Երևանը երբեք չի համաձայնի դրան, քանի որ Անկարան միակողմանի դիրքորոշում ունի այդ հարցում, և այն անվերապահ աջակցություն է ցուցաբերում Բաքվին: Թուրքիան մշտապես փորձում է բանակցային գործընթացին իր մասնակցության իմիտացիա անել՝ իր միջազգյային հեղինակությունը բարձրացնելու նպատակով, քանի որ ցանկանում է տարածաշրջանային ազդեցության կենտրոններից մեկը դառնալ»,- նշել է Սաֆրաստյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը, անշուշտ, շահագրգռված չէ, որ Թուրքիան այդ հարցում իր ուզած նպատակին հասնի:
Փորձագետի կարծիքով, Էրդողանի այդ հայտարարությունները դատարկ խոսքեր են, և դրանց հետևում ոչինչ թաքնված չէ. դա ընդամենը թուրքական բազմադարյա դիվանագիտության դրսևորում է:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բազմակողմ բանակցություններ կազմակերպելու անհրաժեշտության մասին: Հանդես գալով բանակցություններ կազմակերպելու նախաձեռնությամբ՝ Էրդողանը նշել է, որ շփման գծում տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, թե որքան կրիտիկական է իրավիճակը: Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, կարող է կարևոր դեր խաղալ հակամարտության կարգավորման հարցում: