Արմինֆո. Նախընտրական կրքերն օրեցօր թեժանում են: Մասնավորապես, նախօրեին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի անդամների հետ հանդիպումներից հետո ՀՀԿ անդամ, գյուղապետ Սամվել Գալստյանն սկսել է սպառնալ դաշինքի կողմնակիցներին: Ավելին, Գալստյանի կողմնակիցներից մեկն ատրճանակ է ուղղել ՕՐՕ-ի համախոհների վրա, որոնց հաջողվել է խլել զենքը և վնասազերծել իրավախախտին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՕՐՕ դաշինքի մամուլի ծառայությունից, «ատրճանակով սպառնացող սուբյեկտին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրներին»:
Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանն, իր հերթին, հայտարարել է, որ միջադեպի առնչությամբ կան բերման ենթարկվածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Նա նաև ԶԼՄ-ներին կոչ է արել չստուգված տեղեկություններ չտգարածել, սակայն ինքը չի ցանկացել ներկայացնել մանրամասները:
Բացի այդ, Երևանում պոկել են «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանի նախընտրական պաստառները, ինչի առնչությամբ ԿԸՀ կոչ է արել ձեռնպահ մնալ նման գործողություններից, իսկ ականատեսներին հորդորել է այդ մասին տեղեկատվություն տրամադրել ոստիկանությանը: Իսկ ավելի վաղ Վանաձորում վնասել էին «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանի պաստառները, ով իրավապահ մարմիններին ներկայացրել է կատարվածի տեսագրությունը: Ոստիկանությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ իրավախախտներին բռնելու մասին: Ինչպես պարզվել է, դրանք երկու անչափահասներ են:
Բոլոր վերը նշված դաշինքները խախտումների համար մեղադրում են ՀՀԿ-ին: Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը բազմիցս հայտարարել են ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Ավելին, վարչապետ Կարեն Կարապետյանը, ով անցկացնում է ՀՀԿ քարոզարշավ, իր կողմնակիցներին հորդորել է «արջի ծառայություններ» չմատուցել: Սակայն այդ ֆոնին իրենք` հանրապետականները, հասցրել են ծեծկռտվել ռեյտինգային ընտրատեղամասերում, վարչական ճնշում գործադրել պետական կառույցների աշխատակիցների նկատմամբ: