Արմինֆո.Թուրքիային պետք չէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը, քանի որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը էապես կնվազեցնի Բաքվի կախվածությունն Անկարայից: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:
«Տարիներ շարունակ Թուրքիայի ղեկավարությունը իր սադրիչ հայտարարություններով կոշտացնում է Ադրբեջանի՝ առանց այն էլ դեստրուկտիվ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ նպատակ ունենալով արգելափակել բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացը»,- նշել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բազմակողմ բանակցություններ կազմակերպելու անհրաժեշտության մասին: Հանդես գալով բանակցություններ կազմակերպելու նախաձեռնությամբ՝ Էրդողանը նշել է, որ շփման գծում տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, թե որքան կրիտիկական է իրավիճակը: Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, կարող է կարևոր դեր խաղալ հաիկամարտության կարգավորման հարցում: