Արմինֆո.Արցախի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին:
Այդ մասին մարտի 10-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամաուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, հենց այդ պատճառով այսօր բանակցություններ չեն տարվում, ավելին՝ դրանք հետ են մղվել: «Եվ այդ պատճառով Հայաստանը և համանախագահները քայլեր են ձեռնարկել և շարունակում են ջանքեր գործադրել բանակցային գործընթացի առաջխաղացման համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Դրան էին ուղղված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները և դրանց ընթացքում ձեռքբերված համաձայնությունները: Հայտնի է, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանը խոսում են մեկ լեզվով, իսկ Ադրբեջանը՝ այլ»,- նշել է Նալբանդյանը՝ այս համատեքստում հիշեցնելով, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում կատարել ձեռքբերված պայմանավորվածությունները:
ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքով, Ադրբեջանի գործողությունները մտորելու տեղիք են տալիս՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը պատրաստ է բանակցությունների և ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը: «Սակայն, բանակցային գործընթացն այլընտրանք չունի: Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին փորձում եմ հնարավոր ջանքեր գործադրել՝ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով: Այդ նպատակով միջնորդները մարտի 11-ին կայցելեն Բաքու, իսկ մարտի 27-ին՝ կժամանեն Երևան: Կայցելեն նաև Լեռնային Ղարաբաղ: Պետք փորձել առաջ ընթանալ այդ գործընթացում, բայց ամենից առաջ անհրաժեշտ է բացառել իրադարձությունները, որոնց ականատես եղանք անցած տարվա ապրիլին: Պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն բանակցային գործընթացի համար»,- ասել է Նալբանդյանը: