Արմինֆո.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվել է Վարդան Տողանյանը:
Ըստ Վիքիպեդիայի, Վարդան Տողանյանը «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է: 2014 թվականին Տողանյանը դարձել է ալմաստի մշակմամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր: ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի համաձայն, 2015 թվականին Հայաստանում գրանցվել է «Սիրուն դայմոնս» ՍՊԸ, որը «Շողակնի» նախագծերից մեկն է: Տողանյանը բաժնետոմսերը կիսում է «Շողակնի» համասեփականատեր` հայտնի «Ատոն» ռուսական ընկերության ներդրումների վարչության ղեկավար Ահարոն Պապոյանի և ռուսաստանաբնակ Վահագն Աբրահամյանի հետ:
Տողանյանը 1974-1984թթ. սովորել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1984-1991թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում պատմության ֆակուլտետում: Համալսարանում ուսանելու ընթացքում 1986-1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1988-1990թթ. հանդիսացել է Հայկական ուսանողական միության հիմնադիրներից մեկը: 1996-1997թթ. Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1988-2001թթ. Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան: 1995թ. հոկտեմբերից մինչև 1996թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում որպես փորձնակ աշխատել է Ճապոնիայի Օսակա միջազգային ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնում: 2000թ. հուլիսից մինչև օգոստոս Նոր առաջնորդության ծրագրի շրջանակներում փորձնակություն է անցել Հարվարդի համալսարանում (Քեմբրիջ, ԱՄՆ): 1991-1992թթ. Վ. Տողանյանը աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 33 դպրոցում: 1992-1994թթ. եղել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ: 1994-1995թթ. եղել է Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար: 1996-1997թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար: Վ. Տողանյանը 1997-1998թթ. եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, իսկ 1998-2000թթ՝ դեսպանության խորհրդական: 2012թ. ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2012-2015թթ. եղել է «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2015թ. օգոստոս եղել է «Կինոտեխնիկա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2015թ. մայիս եղել է «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ»ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2016թ. մայիս հանդիսացել է «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2016թ. ապրիլից մինչ օրս «Ռուսական թերթեր»ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Վ. Տողանյանը անդամակցում է Անկախ տնօրենների ասոցիացիային: Վ. Տողանյանը հանդիսանում է նորանկախ պետությունների, տարածքային և միջազգային կոնֆլիկտների, ազգային տոլեռանտության խնդիրներին նվիրված ավելի քան 10 գիտական աշխատությունների և մենագրությունների հեղինակ: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ճապոներեն լեզուներին: Ամուսնացած է, ունի 4 երեխա: Ուշագրավ է, որ Վարդան Տողանյանը հիշատակվում է «պանամական փաստաթղթերում», որոնք ներառում են տեղեկատվություն օֆշորներում գրանցված ընկերությունների և դրանց հետևում կանգնած մարդկանց մասին: