Արմինֆո.Մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը Հայաստանի կենտրոնական բանկի և կառավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է 2016 թվականին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի` Արդշինբանկի ֆինանսական տնօրեն, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը:
«Դա մեր տնտեսական և ֆինանսական իշխանությունների կարևորագույն ձեռքբերումն է անցած 2016 թվականին: Այն դրսևորվել է երկրի վճարային հաշվեկշռի կտրուկ բարելավման միջոցով: 2016 թվականին վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը նվազել է մինչև 3%, ինչն էապես նվազեցրել է ազգային արժույթի հետագա արժեզրկման ռիսկերը», - ընդգծել է փորձագետը: Նրա կարծիքով, սպառման անկման հաշվին ներմուծման էական նվազումը չեզոքացրել է երկիր մտնող մասնավոր փոխանցումների նվազման գործոնը, իսկ արտահանման զգալի աճը նկատելիորեն բարելավել է վճարային հաշվեկշիռը և վերացրել արժեզրկման ռիսկերը: «Այդ ձեռքբերումն, իրականում, չափազանց կարևոր գործոն է, երբ մենք խոսում ենք 2017-2018 թվականների հեռանկարների մասին: Այդ բարենպաստ մակրոգործոնները բարձրացրել են շուկայի ընդհանուր իրացվելիությունը, նախադրյալներ ստեղծել լճացումից դուրս գալու համար: Իսկ եթե կա իրացվելիություն, մնացած ամեն ինչը ժամանակի գործ է: Գլխավորը` ստեղծվել է ապագայի լավ հիմք», - ասել է Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում կարգավորողի դրամավարկային քաղաքականությունը, Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ ԿԲ դերը կայունության ապահովման գործում դժվար է գերագնահատել: «Եթե նայենք հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ որոշումները, ինչի շուրջ, իմ կարծիքով, առկա են քաղաքական շահարկումներ, ապա տոկոսադրույքնների նվազեցման քաղաքականությունն սկսվել է դեռ 2015 թվականի 4-րդ եռամսյակից: Հիշենք նախորդ իրադարձությունները: 2014 թվականի վերջին տեղի էր ունեցել դրամի կտրուկ արժեզրկում (հիմնականում` որպես ռուսական ռուբլուն առնչվող իրավիճակի հետևանք), խուճապ էր սկսվել շուկայում, և կարգավորողը հավասարակշռություն ապահովելու համար կտրուկ բարձրացրել էր տոկոսադրույքները, խստացրել պարտադիր պահուստավորման նորմատիվները և ձեռնարկել մի շարք այլ միջոցներ` դրանով իսկ կարճ ժամկետներում կարողանալով ապահովել կայունություն: Այնուհետև սկսվել էր աշխատանք իրացվելիության ապահովման ուղղությամբ, արդեն 2015 թվականի 4-րդ եռամսյակում կայացվել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման վերաբերյալ առաջին որոշումը: 2016 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներում արձանագրվել էր զգալի տնտեսական աճ, և թվում էր, թե այդ տեսանկյունից տոկոսադրույքների հետագա նվազեցման անհրաժեշտություն չկա: Սակայն կարգավորողը հասկանում էր, որ մինչև տարեվերջ աճի ռեսուրսը կսպառվի: Այդպես էլ եղավ 3-րդ եռամսյակում, սակայն, քանի որ տոկոսադրույքների նվազեցման վերաբերչյալ որոշումները կայացվել էին կես տարի առաջ, իրավիճակը հնարավորության սահմաններում հարթվեց: Այդ իմաստով ԿԲ աշխատանքը միանգամայն համարժեք էր և ճիշտ: Այժմ մեր վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է 6%-ի: Իսկ հիմնական տոկոսադրույքի նվազումը, նվազագույն նորմատիվային կապիտալի ավելացման վերաբերյալ որոշմանը զուգընթաց (2017 թվականին հունվարի 1-ից` 30 մլրդ դրամ), հանգեցրեցին բանկային համակարգում իրացվելիության բարձրացման, և այդ բարձր իրացվելիությունը ներգործում է աճի խթանման վրա», - նշել է փորձագետը:
Սարգսյանը, միևնույն ժամանակ, կարծում է, որ վերջերս ԿԲ բացահայտ ուղերձ է հղել, հայտարարելով, որ այժմ սահմանափակված է դրամավարկային քաղաքականության գործիքների կիրառման առումով, որ ավանդական գործիքների կիրառման հնարավորությունները սպառվում են: «Դա, անշուշտ, չի նշանակում, թե ԿԲ-ն, վատնելով գործիքակազմի կիրառման իր հնարավորությունները, այժմ ձեռքերը լվանում է: Նրա վերջին որոշումները վկայում են, որ կարգավորողը մտադիր ավելի նուրբ գործիքներ օգտագործել աճը պահպանելու համար: Ես խոսում եմ մեկ փոխառուի համար ռիսկի հաշվարկի կշռի նվազեցման միտումով վերահաշվարկի վերաբերյալ մոտալուտ որոշման մասին` այն դեպքում, եթե փոխառուն, պետական հսկողական մարմինների գնահատմամբ, բարեխիղճ հարկատու է, չունի «կրկնակի» հաշվապահություն և ունի հուսալի տնտեսական գործընկեր համարվելու բոլոր նախադրյալները: Եթե հիշում եք, վերջերս Պետական եկամուտների կոմիտեն երկրի 20 ձեռնարկությունների հանձնեց «հարկատուի կարգապահության» յուրօրինակ սերտիֆիկատներ: Իսկ ԿԲ-ն, իր հերթին, մտադիր է նվազեցնել բանկերի նորմատիվային բեռը` համարժեք և ճիշտ հաշվետվություն ունեցող այդ ձեռնարկությունները վարկավորելիս: Ես կարծում եմ, որ կարգավորողը գտել է ոչ միայն բանկերին, այլև տնտեսավարող սուբյեկտներին խթանելու լավ եղանակ, ստվերից դրանց դուրս գալու և փոխառության ռեսուրսների մատչելիության մակարդակի բարձրացման նպատակով: Ես կարծում եմ, որ ԿԲ-ն ժամանակի ընթացքում կավելացնի այնպիսի նոր և ոչ ավանդական գործիքների քանակը, որոնք ընդլայնում են վարկային շուկան թույլատրելի ռիսկերի սահմաններում և խթանում են աճ», - ասել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի վերջից առ այօր ՀՀ ԿԲ-ն մշտապես նվազեցրել է վերաֆինանսավորման տոկսադրույքը, որն իջել է 9,75%-ից մինչև 6%: 0,25% կետով տոկոսադրույքի նվազեցման վերաբերյալ վերջին որոշումը ԿԲ-ն կայացերլ է 2017 թվականի փետրվարի 14-ին: