Արմինֆո. «Խաղաղ և ապահով ապագա կառուցելու համար մենք պարտավոր ենք շարունակելու մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու գործում», - հայտարարել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ճաշի ժամանակ իր բաժակաճառումն:
«Դուք գիտեք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի պատրաստակամությունը այս հակամարտությանը լուծում գտնելու մեջ: 2016 թվականի ապրիլյան բախումները և մի քանի օր առաջ պատահած դեպքերը դրա ողբերգական ապացույցներն են: Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն: 23 տարուց ի վեր կողմերը բանակցում են առանց որոշակի արդյունքի հասնելու: Բազմաթիվ անգամ լուծումը շատ մոտ էր թվում: 2014 թվականի հոկտեմբերին ես ինքս նախաձեռնություն վերցրեցի Ձեզ հրավիրելու Փարիզ ադրբեջանցի Ձեր պաշտոնակցի հետ միասին: Մենք առաջընթաց ունեցանք հատկապես հակամարտության ընթացքում անհետացած անձերի ճակատագրի ցավալի հարցում, բայց չկարողացանք ավելի հեռուն գնալ: Սակայն բանակցությունները շարունակելուն ոչ մի այլընտրանք չկա, եթե բոլորս համաձայն ենք, որ հակամարտության ռազմական լուծումը բացառված է: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ համընդհանուր խորհրդակցությամբ՝ Ֆրանսիան անդադար շարունակում է իր միջնորդական ջանքերը: Լուծման պայմանները հայտնի են` «Մադրիդյան սկզբունքներն են», որոնց հիմքերն են` ուժի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը և ինքնորոշման իրավունքը: Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այս ուղղությանը տարվող ցանկացած նախաձեռնությանը», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Ֆրանսուա Օլանդն ասել է. «Ինձ համար պարտականություն և պատիվ էր Երևանում լինել 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչմանը: Մի մեխակ դնելով կրակի մոտ՝ ես ուզում էի իմ վկայությունը բերել այն պայքարին, որ տանում է Ֆրանսիան, որպեսզի երբեք չմոռացվի այն ողբերգությունը, որի հետևանքով հայ ժողովրդի մի մասը կոտորվեց, իսկ մյուս մասը` սփռվեց աշխարհով մեկ: Մենք միշտ պետք է պայքար տանենք թե՛ մոռացության, թե՛ ժխտման դեմ, քանի որ թե՛ մեկը, թե՛ մյուսը միայն մեկ հետևանք ունեն՝ այսօրվա կոտորածները դարձնել հնարավոր: Դուք գիտեք իմ հանձնառությունն այս հարցի շուրջ և հօգուտ Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտող խոսքերն ու գրությունները քրեականացնող օրենսդրությանը: Ես չեմ հիշեցնի այն, ինչ արդեն արվել է 2001 թվականի հունվարի 29-ից ի վեր, երբ քվեարկվեց օրենքը, որով Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղյակ եք, Սահմանադրական դատարանը, որի որոշումները պարտադրվում են բոլորին, համարեց, որ այդպիսի կարգադրումն անհամաչափորեն վնասում է արտահայտվելու ազատությանը: Հենց այս պատճառով է, որ Ֆրանսիան կշարունակի գործել հօգուտ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների առաջխաղացման և գիտահետազոտության արդյունքների տարածման, որպեսզի ճանաչվի այս ճշմարտությունը»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարչգսյանն, իր հերթին, օրինակելի է համարել Ֆրանսիայի և անձամբ նախագահ Օլանդի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ: Նախագահն անդնադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտարարելով որ Հայաստանի նպատակը խաղաղությունն է։ «Զենքի ուժը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել, խաղաղությունն էլ հաստատվել է այնտեղ, ուր տիրել է դիմացինին ականջալուր լինելու ու խելամիտ փոխզիջումների անհրաժեշտության գիտակցումը։ Ակնհայտ է, որ խաղաղությունը ոչ թե հակասությունների բացակայությունն է, այլ դրանք խաղաղ միջոցներով կարգավորելը», - եզրափակել է Սարգսյանը։