Արմինֆո. ՀՀԿ նպատակները հավակնոտ են և, միևնույն ժամանակ, իրագործելի: Մարտի 5-ին «Դինամո» մարզադաշտում այդ մասին հայտարարել է վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը` նախընտրական քարոզարշավի մեկնարկի արարողությանն իր ելույթում:
Նրա կարծիքով, ՀՀԿ-ն ներկայացրել է բավականին իրատեսական, համալիր ծրագիր, որւմ նշված են իրենց երազած Հայաստանի կայացմանը տանող որակապես նոր ուղիներ:
Վարչապետը հավաստիացրել է, որ հանրապետականները ձեռնպահ են մնացել պոպուլիստական հայտարարություններից, և ներկայացրել են որոշակի ծրագրեր, որոնց հիմքում ընկած է Հայաստանի ապագայի և ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության զգացումը: «Մենք ունենք ժողովրդին հուզող բոլոր հարցերի պատասխանները, ներկան փոխելու կամք և վճռականություն: Մենք հստակ պատկերացնում ենք այն հորիզոնը, որին ձգտում ենք հասնել: Այդ հորիզոնն անկախ, անվտանգ, արդար և մտավոր Հայաստանն է», - հայտարարել է նա:
Նրա կարծիքով, փոփոխությունները ներկայի մատրահրավերն են: Վարչապետը հավաստիացրել է, որ այդ փոփոխությունները կլինեն զգալի, իսկ արդյունքները` չափելի: Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն առաջարկում է բարեփոխումներ իրակաանցնել բնական, էվոլյուցիոն ճանապարհով: Նրա հավաստմամբ, ՀՀԿ-ն ցանկանում է ներդնել մրցակցության նոր մշակույթ` հիմնված էթիկայի և հանդուրժողականության վրա: «Մենք ակնկալում են ստանալ քաղաքացիների ձայները, քանի որ գիտենք, թե ինչ ենք անելու, ինչ թիմի հետ, և վստահ ենք, որ հետևողական ենք լինելու», - եզրափակել է նա: