Արմինֆո. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է «Սասնա ծռերի» գործողություններին մեղսակցության համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մի շարք պատգամավորների մինորդությունը:
Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, գլխավոր դատախազը պատգամավորներին հայտնել է, որ «չի առարկում ընդունել նրանց անձնական երաշխավորության միջնորդությունը և Հաց բերող Արթուր Սարգսյանին ազատ արձակել»։ «Մի քանի ժամվա ընթացքում Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը մեղադրվում է «կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու» դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով: Նա կալանավորվել էր, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել մի շարք ծանր հիվանդությունների առնչությամբ, որոնք անհամատեղելի են կալանքի պայմանների հետ: Սակայն փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին կալանավորեցին` խափանման միջոցը խախտելու համար: Դրանից հետո նա հացադուլ է հայտարարել, և այժմ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: