Արմինֆո. «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Մասնավորապես ներկայացվեց կուսակցության նախընտրական կարգախոսն ու 10 ուղերձը՝ ամենամեծ կապիտալը համարելով ՀՀ քաղաքացուն:
Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ցուցակում չկա առաջին ու 101-րդ. «Մենք բոլորս հավասար մարդիկ ենք ու բոլորը պատասխանատվություն են զգում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հրանտ Բագրատյանին ու «Ազատություն» կուսակցությանը, որ այս յուրովի դաշինքը կազմվեց: Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև Ստեփան Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին, ամենամեծ շնորհակալությունն եմ հայտնում նաև այն երիտասարդներին, որոնք եղել են առաջին դիրքերում ու երբևէ չեն խուսափել պատասխանատվությունից և ավելի շատ բեռ են վերցրել իրենց վրա, քան մենք: Նրանց տանելու ենք ԱԺ. հենց նրանք կարող են փոխել այն մթնոլորտը, որ կա ԱԺ-ում: Միջին տարիքը մեր ցուցակում 41 տարեկանն է: Մենք փրկիչներ չենք, սակայն կարող ենք փոխել ՀՀ զարգացման ուղղությունը՝ տանել դեպի եվրոպական մեծ ընտանիք, ու ապահովել այն ամենը, ինչ երազում է ցանկացած հայ»:
Ըստ նրա՝ Հրանտ Բագրատյանի շնորհիվ կունենան ամենամրցունակ տնտեսական ծրագիրը. «Բառացիորեն մի քանի ամսում մենք կարող ենք վերացնել 30 տոկոսանոց ստվերը: ՀՀ-ում ամենից շատը բացակայում է խաղի կանոնները, որը ձգտելու ենք ստեղծել: ՀՀ-ն ունի երկու կարևորագույն խնդիր՝ ղարաբաղյան հիմնահարցն ու ներդրումների բացակայությունը: Արցախի հիմնախնդրի փաթեթային լուծման կողմնակիցն ենք: Մեր ծրագիրը պետք է բոլորին հասցնենք ու ասենք՝ սա քաղաքական կապրիզ չէ, այլ հստակ տեսլական:
Ցուցակի 2-րդ համար, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր ելույթում ասաց, որ կներկայացնի ոչ թե ուղղակի տնտեսական ծրագիր, այլ Կառավարության ծրագիրը. «Այս պայմաններում եթե գնանք, առջևում տնտեսական կոլապսն է սպասում: Մենք պարտքով ենք ապրում, եթե պարտքերը հանենք, ապա երկրի կենսամակարդակը երկու անգամ կիջնի, աղքատության մակարդակը 70 տոկոսի կհասնի: Մենք քայլում ենք անդունդի եզրով»:
Նրա խոսքով՝ Ռոբեր Քոչարյանի ժամանակ բացվել է 200 հազար աշխատատեղ, ևս 200 հազար Սերժ Սարգսյանի օրոք, մինչդեռ այս ընթացքում փակվել է 850 հազար աշխատատեղ. «Մենք ուզում ենք թույլ չտալ, որ մոնոպոլիզացվեն ներդրումները»:
«Ժառանգության» նախկին անդամ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն իր հերթին նշեց՝ եթե ցանկանում ենք փոխել երկրի ընթացքը, դրա համար առաջին հերթին պետք է ունենանք ինքնաբավ իշխանություն. «Մեր խնդիրների լուծումը մեր ներսում է: Արտաքին հարաբերությունները կառուցվելու են փոխշահավետության սկզբունքների վրա:»
«Ժառանգության» նախկին մեկ այլ անդամ՝ Անահիտ Բախշյանն իր ելույթում անդրադարձավ կրթության ոլորտին՝ նշելով, որ այն առաջանցիկ ծրագիր է, որը կծառայի անվտանգությանն ու ինքնիշխանությանը: