Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոմազված է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերն անորակ դիզելային վառելիքի մասին, ինչը խոչընդոտել է ապրիլյան պատերազմի ընթացքում ռազմական տեխնիկայի նորմալ շահագործմանը, կտրված են կոնտեքստից:
«Վարչապետի ասածը շատ ակտուալ և արդիական էր ու վերաբերում էր մեր պետական վերահսկողությանը մասնավոր մատակարարումների ու ապրանքների որակի նկատմամբ: Որպես պաշտպանության նախարար՝ կարևորում եմ այդ մոտեցումը, քանի որ մասնավոր պաշարներն անհրաժեշտության դեպքում ճգնաժամային իրավիճակներւոմ հատկացվում են բանակի կարիքների համար: Եվ եթե մենք վստահ չլինենք մատակարարվող վառելիքի որակի հարցում, կարող են խնդիրներ լինել տեխնիկայի աշխատանքի հետ կապված: Հետևաբար՝ կարևորում եմ վարչապետի այդ հայտարարությունը»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:
Նշենք, որ մարտի 1-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու մաքսատնից բաց չեն թողնում 400 հազար տոննա դիզելային վառելիքը, հայտարարել է, որ խոսքը վառարանների համար նախատեսված վառելիքի մասին է: «Եվ այստեղ հարց է ծագում, թե ինչու է Հայաստան ներմուծվում վառարանների համար վառելիքի նման խմբաքանակ, եթե հանրապետությունում չկա դրա պահանաջարկը: Ենթադրվում է, որ բերված ապրանքը կարող է օգտագործվել անորակ նավթամթերք ստանալու համար»,- հայտարարել է Կարապետյանը՝ ասելով, որ անցած տարվա ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ տեխնիկան չի աշխատել՝ անորակ դիզելային վառելիքի պատճառով:
Ի պատասխան վարչապետի այդ հայտարարությանը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ այս փաստը պետք է հետաքննվի իրավապահ մարմինների կողմից:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ ԱրմԻնֆո-ին չի հաջողվել: