Արմինֆո. Տնտեսական համագործակցության կազմակերպությունը /ՏՀԿ/ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձև է ընդունել:
«Տնտեսական համագործակցության կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում չլուծված ղարաբաղյան հակամարտության առկայության առնչույթամբ: Այդ հակամարտությունը խանգարում է նաև ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ ավելի լայն մակարդակով տնտեսական համագործակցության զարգացմանը»,- ասված է բանաձևում:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Իսլամաբադում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների XIII գագաթնաժողովը:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) տարածաշրջանային միջպետական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1985 թվականին Միջին Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրների կողմից և հանդիսանում է երեք հիմնադիր երկրների՝ Իրանի, Պակիստանի և Թուրքիայի կողմից 1977 թ. մարտի 12-ին ստորագրված Իզմիրյան պայմանագրի Կանոնադրության հիման վրա գործող Զարգացման համար տարածաշրջանային համագործակցության կազմակերպության իրավահաջորդը:
1992 թվականից ՏՀԿ գործունեությունն զգալիորեն ակտիվացավ՝ 7 նոր պետությունների /Ղազախստան, Ադրբեջան, Աֆղանստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենիա և Ուզբեկստան/ միացման հետ կապված: ՏՀԿ-ն օգտվում է ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակից: ՏՀԿ-ն դիտորդի կարգավիճակ ունի նաև Իսլամական խորհրդաժողովի կազմակերպությունում: