Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին քաղաքացիական բուժհաստատությունում պահելու անհրաժեշտության մասին: Այդ մասին գլխավոր իրավապաշտպանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Նա ընդսմին նշել է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվել է նաև բժշկական օգնությունից և չի ցանկանում տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց: «Սակայն նրա առողջական վիճակի նկատմամբ ավելի արդյունավետ վերահսկողության պայմանների տեսանկյունից ավելի լավ կլինի, եթե Սարգսյանը գտնվի քաղաքացիական հիվանդանոցում», - ընգդծել է մարդու իրավունքների պաշտպանը: Նա նաև նշել է, որ արդեն համապատասխան դիմում է ուղարկել լիազոր մարմիններ` Արթուր Սարգսյանի կալանքի և առողջական վիճակի առնչությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները ծանոթացել են Արթուր Սարգսյանի առողջական վիճակին, ուսումնասիրել բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները: Արձանագրվել է, որ նա հրաժարվում է բժշկական օգնությունից: Արթուր Սարգսյանի առողջական վիճակի նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար որոշում է կայացվել, որ ամեն օր նրան կայցելեն խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը և բժիշկը:
Արթուր Սարգսյանը (Հաց բերող) մեղադրվում է նախորդ տարվա հուլիսին ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» գործողություններին աջակցելու համար: Նա կալանավորվել էր, սակայն ստորագրությամբ ազատ էր արձակվել` կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդությունների առնչությամբ: Սակայն փետրվարի 9-ին կրկին կալանավորվել է` խափանման միջոցը խախտելու համար, ինչից հետո հացադուլ է հայտարարել: Նրա առողջական վիճակն այժմ ծայրահեղ ծանր է: Ի նշան Սարգսյանի հետ համերաշխության կալանավայրերում հացադուլ են հայտարարել նաև «Սասնա ծռերից» մի քանիսը: