Արմինֆո.Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերելու մեղադրանքով կալանավորված ընդդիմադիր Անդրիաս Ղուկասյանը նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բաց նամակ է հղել խորդհրդարանական ընտրություններին մասնակցող 7 ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներին։
«Գործող օրենքի համաձայն՝ նորընտիր խորհրդարանում պետք է լինի առնվազն երեք կուսակցություն կամ դաշինք։ Իշխող կոալիցիա կազմող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն կարող ձևավորել խորհրդարան՝ առանց գոնե մեկ ընդդիմադիր կուսակցության մասնակցության։
Ձեր ղեկավարման տակ գտնվող 7 քաղաքական ուժերի միավորումը հնարավորություն է տալիս զանգվածային ընտրախախտումների դեպքում, ցանկացած պահի, կասեցնել ընտրական գործընթացը միասնական ինքնաբացարկով կամ մերժել ընտրությունների կեղծված արդյունքներրի ընդունումը մանդատներից հրաժարվելու միջոցով։
Ընտրակաշառքի բաժանման վրա հենված ՀՀԿ-ի թեկնածուների ընտրարշավի մեկնարկը արդեն իսկ տապալել է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ և արժեզրկել ընտրությունների թափանցիկության բարձրացման համար Եվրոպական Միության կատարած ներդրումները։ Արդեն հիմա պարզ երևում է, որ իրավապահ համակարգը նպատակ չունի և ունակ չէ ապահովել ընտրությունների օրինական ընթացքը։ Հասկանալի է, որ իրավապահ համակարգը օրենքի դաշտ բերելու համար կարևոր պայման է հանդիսանում Սերժ Սարսգսյանի պաշտոնանկությունը։ Այդ խնդրի շուրջ 7 քաղաքական ուժերի միավորումը, անկասկած, ստանալու է հանրային լայն աջակցություն, որն անհրաժեշտ հակակշիռ կդառնա ընտողներին։ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով, 7 տարբեր քաղաքական ծրագրեր ունեցող ուժերին միավորելու համար, կարելի է համաձայնության գալ ազգային վստահության կառավարությունում բոլոր ուժերի մասնակցության, ընտրական օրենսգրքի բարելավման և 2018թ-ին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերի շուրջ: Ձեզանից է հիմա կախված Հայաստանի տեսանելի ապագան, որովհետև ձե՛ր ձեռքում է գտնվում ընտրությունների ընթացքը հսկելու, Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նպատակով հանրությանը համախմբելու և երկրում ազատ ու արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու հարցելի լուծումը», - ասվում է Անդրիաս Ղուկասյանի նամակում:
«Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է գտնվում նախորդ տարվա հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման համար: Նույն մեղադրանքով նրա հետ կալանավորված մյուս ակտիվիստները` Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ են արձակվել: Եթե դատարանը Ղուկասյանին մեղավոր ճանաչի, նրան կարող է սպառնալ մինչև 10 տարի ազատազրկում: