Արմինֆո.Չեմ զարմանա, եթե մոտ ժամանակներս Ադրբեջանի նախագահը միջազգային հետախուզում է հայտարարի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նկատմամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը «չկատարելու» համար Հայաստանին պատժամիջոցների ենթարկելու Ադրբեջանի նախագահի կոչը: «Այսօր միջազգային քաղաքականությունում մենք բախվում ենք տրագիկոմեդիա կոչվող երևույթի հետ, քանի որ պատժամիջոցների կիրառման մասին խոսում է մի պետության ղեկավարը, որտեղ մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Բայց այդ օբյեկտիվ վարքագիծը հետևանք է այն բանի, որ միջազգային հանրությունը աչք է փակում այն բանի վրա, ինչ տեղի է ոնենում հարևան պետությունում, որտեղ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, որտեղ ճնշում է գործադրվում լրագրողների վրա, հետապնդումներ են իրականացվում իրավապաշտպանների, լրագրողների, շարքային քաղաքացիների նկատմամբ այս կամ այն իրադարձության առնչությամբ այլ հայացքներ ունենալու համար, որտեղ ֆեոդալական պետության բարքեր են տիրում»,- ընդգծել է Բաբայանը:
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տնտեսական համագործակցության կազմակերպության XIII գագաթնաժողովում ելույթի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերին: «Այդ բանաձևերը պահանջում են «օկուպացված տարածքներից» Հայաստանի զինված ուժերի անվերապահ և անհապաղ դուրսբերում: Համանման բանաձևեր և որոշումներ են ընդունել է Իսլամական համագործակցության կազմակերպությունը, ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Չմիացման շարժումը և միջազգային այլ ազդեցիկ կազմակերպություններ: Իսլամական համագործակցության կազմակերպության վերջին գագաթնաժողովի ժամանակ ստեղծվել է նախարարների մակարդակով կոնտակտային խումբ՝ կապված ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև 2016 թ. ապրիլին Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետ: Հայաստանը պետք է կատարի այդ բանաձևերը կամ պատժամիջոցների ենթարկվի: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,- ասել է Ալիևը: