Արմինֆո. «Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի բանակցությունների ավարտը : Այդ մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սույն թվականի փետրվարի 27-28-ը ՀՀ նախագահի՝ Բրյուսել կատարած այցի առիթով», - ասվում է Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի մարտի 1-ի հայտարարությունում, որի տեքստը ԱրմԻնֆո-ին տրամադրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:
«ՀՀ նախագահի մարտի 8-9-ը Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ կնքված սույն համաձայնագիրը պատասխանում է ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ 2014 թվականի մայիսին Հայաստանում Ֆրանսիայի նախագահի արած կոչին: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի խորացնել ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավական պետության նկատմամբ ունեցած մեր ընդհանուր համակրության շուրջ: Այն դյուրին կդարձնի համագործակցության զարգացումը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում, նպաստավոր նոր հնարավորություններ կստեղծի առևտրի և ներդրումների համար, դրանով իսկ ապահովելով ֆրանսիական և եվրոպական աշխարհագրական նշումների պաշտպանությունը», - ասվում է հայտարարությունում:
Փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: «Նոր համաձայնագիրը կընդլայնի մեր հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական և տնտեսական շահերը, որոնք մենք կիսում ենք, և այն մարտահրավերները, որոնք մենք ցանկանում ենք միասին հաղթահարել: Մենք ակնկալում ենք ավելի սերտ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը՝ առևտրի և ներդրումային նոր հնարավորությունների և ավելի ընդլայնված շարժունակության համար՝ ի շահ մեր քաղաքացիների», - ասել է Տուսկը:
Հիշեցնենք, 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին լիզորել էր բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ: Նոր համաձայնագիրը կփոխարինի Հայաստանի և ԵՄ միջև ընթացիկ համաձայնագիրը: Նոր համապարփակ համաձայնագրում նշվում է, որ ԵՄ ձգտում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման բոլոր այն բնագավառներում, որոնք փոխադարձ հետարքրություն են ներկայացնում Արևելյան գործընկերության շրջանակում: Նույն տարվա դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ կենտրոնակայանում հայտարարել էին Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: 2016 թվականի հունվարին կայացել է բանակցությունների առաջին փուլը: 2016 թվականի վերջին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հույս էր հայտնել, որ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները կավարտվեն ամենամոտ ժամանակներս: