Արմինֆո.Մինչև 2030 թվականը Սևանա լճի մակարդակը պետք է բարձրանա 6 մետրով, մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ լճի մակարդակն արդեն բարձրացել է 4 մետրով: Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է փոխնախարարը, Սևանա լճի ավազանում դիտվում են դրական միտումներ, ըստ որում՝ոչ միայն լճի մակարդակի, այլ նաև ջրի որակի առումով: Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտի կողմից 2016 թվականին անցկացված ուսումնասիրույունները ցույց են տալիս, որ դրական տեղաշարժեր են դիտվում նաև ձկնապաշարների առումով՝ ավելացել են սիգի պաշարները, որի ծավալները կազմում են 440 տոննա: Ինչ վերաբերում է Սևանի իշխանին, վերջինիս պաշարները նույնպես ավելացել են մինչև 1,5 տոննա, իսկ խեցգետնի պաշարները՝ մինչև 4500 տոննա: «Լճի մակարդակի բարձրացումը թույլ է տվել բարելավել էկոլոգիական վիճակն այդ տարածաշրջանում»,- նշել է փոխնախարարը: