Արմինֆո.Հայաստան-ԵՄ նոր պայմանագիրն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որը վկայում է տարբեր շահերի համադրումը` միտված, այսպես կոչված, «և՛, և՛ե-ի քաղաքականության կենսունակությանը, փետրվարի 28-ին «Կարնեգի» կենտրոնում իր ելույթում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
« Երեկ մենք նախագահ Տուսկի հետ հայտարարեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին: Ճիշտ է, դեռևս 1996թ. մենք ստորագրել էինք Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող՝ Գործընկերության և համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, սակայն այն վաղուց արդեն չի արտահայտում ո՛չ Հայաստան-ԵՄ համագործակցության ընդգրկումը, ո՛չ էլ դրա խորությունը և առավել ևս` ո՛չ էլ հավակնությունները։ Ուստի, նոր համաձայնագրով, ամրագրելով տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու զարգացման ուղենիշերը, մենք ազդարարում ենք, որ շարունակելու ենք բոլոր ոլորտներում զարգացնել երկկողմ օրակարգը:
Կարևորն այն է, որ մեր համագործակցությունն ունի արժեքային հենք։ Հայաստանն անգամ պատմության ամենադժվարին պահերին իր առջև քաղաքակրթական ընտրության խնդիր չի դրել։ Ոչ ոք մեզ չի պարտադրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, դա մեր ընտրությունն է: Մեր ժողովուրդն իրեն լիովին եվրոպացի է համարում. թե՛ մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը և թե՛ մեր կենսակերպը եվրոպական է։ Պատահական չէ, որ այսօր էլ հարյուր հազարավոր հայեր ապրում են Եվրոպայում և հանդիսանում օրինավոր քաղաքացիներ՝ իրենց տաղանդն ու աշխատասիրությունը ծառայեցնելով այդ երկրներին։ Սա ևս կարևոր կապող օղակ է Հայաստանի և Եվրոպական միության միջև։
Այսպիսով, մենք պարզապես ավելի ամուր իրավական հիմք ենք ապահովում այն համագործակցության համար, որը փաստորեն առկա է։ Համոզված ենք, որ դա թույլ կտա և նաև կպարտավորեցնի ունենալ ավելի արդյունավետ պետություն։
Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց:
Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի»,- նշել է նախագահը: