Արմինֆո.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովի ամբիոնից միջազգային դիտորդներին կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել երկրում տիրող նախընտրական իրավիճակի և Հանրապետական կուսակցության ու իշխանությունների կողմից իրականացվող զանգվածային մեքենայությունների վրա:
Նրա խոսքով, ներկայումս Հայաստանում ընտրողների զանգվածային «վերաբնակեցում» է տեղի ունենում: Իշխանությունից պատգամավորության շատ թեկնածուներ զանգվածային կարգով ստիպում են իրենց ծանոթներին, բարեկամներին, աշխատակիցներին «որոշակի պարգևատրման» դիմաց փոխել գրանցման հասցեները և գրանցվել այն ընտրատարածքներում, որտեղից իրենք առաջադրվում են:
Բացի այդ, նշել է նա, ՀՀ ոստիկանությունը երկրում ընտրողների թվի վերաբերյալ խիստ կասկածելի տվյալներ է ներկայացրել: «Ոստիկանության տվյալներով,
2016 թ. դեկտեմբերի դրությամբ երկրում 2,5 մլն ընտրող կա, մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երկրում 2,9 մլն մարդ է ապրում: Ստացվում է, որ երկրի քաղաքացիների ավելի քան 80%-ը ընտրող է: Տվալները և թվերը համադրելով՝ ստացվում է, որ իշխանությունները երկրում ընտրողների թիվն ուռճացրել են 260 հազարով»,- հայտարարել է Զոհրաբյանը՝ դժգոհություն հայտնելով նաև ռեյտինգային ընտրակարգի առնչությամբ, ինչը միայն նպաստում է երկրում չափազանց լարված նախընտրական իրավիճակի ստեղծմանը: