Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Associated Television International» ընկերության նախագահ Դեյվիդ ՄըՔենզիին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանը և տուրիզմի խթանմանը վերաբերող հարցեր:
Դեյվիդ ՄըՔենզին նշել է, որ ընկերությունը պատրաստվում է փաստագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, որի նպատակն է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, ներկայացնել հայ ժողովրդին, պատմությունը, մշակույթը և մեծացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը և պատրաստ է քննարկել այդ նպատակին ուղղված առաջարկությունները:
Հիշեցնենք, որ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն մտադիր է մինչև 2020 թվականը դեպի Հայաստան օտարերկրյա զբոսաշրջիկների ներհոսքը կրկնապատկել: Իսկ 2016 թվականին ոլորտի աճը կազմել է 5.7%: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանի խոսքով, 2016 թվականին Հայաստան է ժամանել 2.867 մլն.օտարերկրյա քաղաքացի, որից 1.259 մլն.-ը`զբոսաշրջության նպատակով: Ըստ նրա, Հայաստանում զբոսաշրջության աճի առումով առավել կարևոր դեր են խաղում` Ռուսաստանը, Իրանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Չինաստանը և այլ երկրներ: Ընդ որում, Զ.Զեյթունցյանն ընդգծել է, որ իրանցի զբոսաշրջիկների թիվը 2016-ին աճեց 30%, իսկ ռուս զբոսաշրջիկների թիվը`2.3%, նախորդ տարվա 6% անկումից հետո: Միևնույն ժամանակ, Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ 2017 թ. հիմնական խնդիրը կլինի Հայաստանի ճանաչելիության բարձրացումը միջազգային հարթակներում, մասնավորապես, զբոսաշրջության ուղղությունների դիվերսիֆիկացիան, զբոսաշրջության զարգացումը Հայաստանի մարզերում և մարդկային ռեսուրսների զարգացումը, ուսումասիրելով նպատակային շուկաները: