Արմինֆո.Արցախի հետ շփման գծի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ անհաջող հարձակումը հյուսիսային և հարավային ուղղություններով արցախցի զինվորականների զգոնությունը թուլացնելու փորձ է, գտնում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Փետրվարի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել շփման գծի հարավ-արևելյան /Մարտունի/ և արևելյան /Ակնա/ ուղղություններով: Արցախի ՊԲ առաջավոր ստորաբաժանումները, այդ թվում՝ տեսադիտարկման սարքավորումների շնորհիվ, ժամանակին հայտնաբերել են հակառակորդի հարձակումը և ելման դիրքեր շպրտել վերջինիս: Հակառակորդը նահանջել է՝ կրելով կորուստներ: Հայկական կողմը կարուստներ չունի:
«Ադրբեջանցի զինվորականները փորձել են խորամանկ քայլի դիմել՝ իրենց գործողությունների իրական թիրախը թաքցնելու, պաշտպանվող կողմին մոլորության մեջ գցելու նպատակով, ցույց տալու, որ հաջորդ հարձակումը լինելու նույն ուղղությամբ: Մինչդեռ Ադրբեջանի հաջորդ հարձակումը կլինի հարավային և հյուսիսային ուղղությամբ»,- հայտարարել է Կիրակոսյանը «Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման ներքին և արտաքին գործոնները» թեմայով քննարկումների ընթացքում:
Բացի այդ, վերջին դիվերսիոն ներթափանցմամբ Բաքուն փորձել է հերթական անգամ ստուգել արցախցի զինվորականների ամրությունը և սպառազինությունների առկայությունը: Եվ այդ փորձը, ըստ վերլուծաբանի, ավարտվեց լիակատար ձախողմամբ, ինչի համար ադրբեջանցի զինվորականները թանկ վճարեցին: Միաժամանակ Կիրակոսյանը ցավով նշել է, որ Բաքվին մարդկային կորուստներն առանձնապես չեն մտահոգում: