Արմինֆո.Նախօրեին խորհրդարանի ամբիոնից ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, թե Իրաքում եզդիները ցեղասպանության չեն ենթարկվել, այլ` «որոշակի ջարդերի», վրդովմունք է հարուցել Հայաստանի եզդի համայնքի շրջանում:
«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ բաց նամակում, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում այն փաստին, որ երբ միջազգային հանրությունը երկակի ստանդարտներով է մոտենում Հայոց մեծ եղեռին, հայերն այդ ժամանակ արդարացիորեն խոսում են երկակի ստանդարտների մասին և հայտարարում, որ պետք է Թուրքիան կամ նրա դաշնակից երկրները առերեսվեն պատմության իրական էջերին և ընդունեն Օսմանյան Կայսրության տարածքում հայերի հետ տեղի ունեցածը:
«Պարոն Սահակյան Թուրքիային, ԱՄՆ-ին և այլ պետութուններին արդարության կոչ անելուց առաջ շատ լավ կլինի, որպեսզի դուք և ձեր ներկայացրած կուսակցությունը չմեղանչեք Հայոց պատմության և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Կասկածի տակ դնելով եզդիների ցեղասպանությունը, որը տեղի է ունենում 21-րդ դարում, ձեր արժեքները կրող քաղաքական գործիչների աչքի առաջ դուք աջակցում եք Թուրքիային, որը լկտիաբար հերքում է մեր եղբայր հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը», - ասվում է բաց նամակում:
Ի գիտություն ԱԺ խոսնակի՝ նամակում հիշեցվում է, որ եզդիների ցեղասպանությանը իր անդրադարձն է կատարել ՄԱԿ-ը, հայտարարելով, որ եզդիների ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր: Նաև նշվում է, որ ԱՄՆ կոնգրեսը քննարկման է դրել մի օրինագիծ, որն Իրաքում եզդիների նկատմամբ կատարվածը գանահատում է որպես ցեղասպանություն, եզդիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է գնահատել նաև՝ 2014 թվականին դեռևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, եզդիների ցեղասպանության վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Կանադայի Կոնգրեսում:
Ինչպես նշել են բաց նամակի հեղինակները, Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ ԱԺ են ներկայացրել հայտարարության մի նախագիծ, որով դատապարտվում էր 2014 թվականին ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: «Նախագիծը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ մտավ ԱԺ օրակարգ: Արդեն մի քանի ամիս է, Ազգային Ժողովի մեծամասնությունը ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության անում է ամեն բան, որպեսզի ԱԺ հայտարարության այդ նախագիծը չդրվի քվեարկության: Իշխող ուժը բերում է ամենատարբեր պատճառաբանությունները, որոնք իհարկե հիմնավոր չեն և կասկածելի են դրանց դրդապատճառները: Երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ հարց բարձրացրեց, թե ինչու հարցը չի դրվում քվեարկության: Պատգամավորի հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ խմբակցություն) հայտարարեց, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է այլ, որոշակի ջարդեր: ԱԺ ղեկավարը հայտարարեց, որ ցեղասպանություն որակումը տալու համար անհրաժեշտ է, որպեսզի լինի միջազգային հանրության գնահատականը», - ասվում է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ բաց նամակում