Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում հիշում են Սումգայիթի ջարդերի զոհերին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից, Սումգայիթի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
1988 թվականի փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների ժամանակ, ԽՍՀՄ գլխավոր դատախազության տվյալներով, զոհվել է 26 հայ և 6 ադրբեջանցի, վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, սպանված հայերի թիվը հասել է մի քանի հարյուրի: 1988 թվականի փետրվարի 29-ին Մոսկվայում ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի նիստում պաշտոնապես ճանաչվել է, որ Սումգայիթի զանգվածային ջարդերն ու սպանություններն իրականացվել են ըստ ազգային հատկանիշի: Սակայն, ինչպես նշվում է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի նյութերում, ջարդերի հանգամանքների ժամանակին հետաքննության բացակայությունը, մեղավորների չբացահայտումն ու անպատիժ մնալը հանգեցրեցին ղարաբաղյան հակամարտության հետագա սրմանը: