Արմինֆո. ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ: Այդ մասին հաղորդել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նրա ասելով, ՄԱԿ գլխավոր քարտուղարը պաշտպանում է լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանն ու իրավիճակի հետագա սրման կանխմանը նպատակաուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքները:
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով բախումների վերաբերյալ վերջին հաղորդումների առնչությամբ: Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը բոլոր կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է վնասել հրադադարի շուրջ համաձայնագրին, և անհապաղ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված առարկայական բանակցությունները», - ասել է Դյուժարիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ կորուստներ է կրել շփման գծում գիշերային դիվերսիայի արդյունքում: Հրապարակվել են այն անձանց անունները, որոնց դիակները գտնվում են չեզոք տարածքում: