Արմինֆո. Արցախի ԱԳՆ հայտարարություն է տարածել փետրվարի 25-ի գիշերրն ադրբեջանական սադրանքի առնչությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից, հայտարարությունում ասվում է.
«Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակման փորձ են ձեռնարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պաշտպանության բանակի դիրքերի վրա, որը չեզոքացվել է արցախյան ստորաբաժանումների ջանքերով։ Տեղի ունեցածը 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լրջագույն խախտումն է։ Ինչպես և անցյալ տարվա ապրիլին, դրան նախորդեցին ադրբեջանական կողմի սիստեմատիկ և նպատակային քայլերը՝ ուղղված լարվածության փուլ առ փուլ թեժացմանը։ Ս․թ փետրվարի 25-ի միջադեպը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ինչպես 1994-1995 թթ․ համաձայնագրերի, այնպես էլ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների շրջանակներում իր վրա ստանձնած պարտավորությունների նկատմամբ բացահայտ արհամարհանքի հերթական ապացույցը։ Ակնհայտ է, որ բարձրացնելով լարվածության աստիճանը շփման գծում՝ ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի մարտունակությունը, այլև միջազգային հանրության արձագանքն ուժի կիրառման նկատմամբ։
Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու և պատերազմի պատրաստվելու ադրբեջանական իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից խիստ և հասցեական գնահատականի բացակայությունն էր, որ որոշակի առումով 2016 թ․ ապրիլին ձևավորեց մի իրավիճակ՝ օգտվելով որից, Բաքուն հնարավոր համարեց ձեռնարկել ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի։
Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումը շփման գծում միայն խորացնում է անվստահությունը և հեռացնում հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները։ Կարծում ենք, որ ի պատասխան Ադրբեջանի սադրիչ քաղաքականությանը՝ հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից և ընդարձակել ջանքերը՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման և բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեծման շուրջ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների պրակտիկ իրագործման համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ կորուստներ է կրել շփման գծում գիշերային դիվերսիայի արդյունքում: Հրապարակվել են այն անձանց անունները, որոնց դիակները գտնվում են չեզոք տարածքում: