Արմինֆո.Ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը»,-ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Չհաստատված տվյալների համաձայն, հակառակորդը կորցրել է 7-16 մարդ: