Արմինֆո. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին իրադարձությունների առնչությամբ հայտարարությամբ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, դատապարտվում են «հայկական կողմի գործողությունները, որը փետրվարի 24-ի՝ լույս 25-ի գիշերը հարձակում է նախաձեռնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկու ուղղությամբ, ինչպես նաև ցավակցություն է հայտնվում զոհված ադրբեջանցի զինծառայողներին հարազատներին»:
«Արդեն քառորդ դար է, ինչ Հայաստանն «օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 1/5-ը»: Խուսափելու համար 2016թ. ապրիլին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների կրկնությունից՝ կոչ ենք անում Հայաստանին պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ վերջ տալ խախտումներին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով, Թուրքիան շարունակելու է աջակցել արդար և ամուր կարգավորմանն ուղղված ջանքերին՝
Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում։ Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում Մինսկի խմբի ջանքերի ինտենսիվացումը՝ հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով»,- ասվում է Անկարայի պաշտոնական հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամադեյարովի հետ՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Չհաստատված տվյալների համաձայն, հակառակորդը կորցրել է 7-16 մարդ: