Արմինֆո.ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` նվիրված Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետերի (տեղեկատուների) հասանելիության ապահովմանը:
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, «Տուր Ինֆոե ամսագրի և Հայաստանի վերաբերյալ պարսկերեն լեզվով տպագրվող ամսագրի ներկայացուցիչներ:Քննարկումն անցկացրել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Մասնավորապես, քննարկվել է մարտ ամսին տպագվելիք պարսկերեն լեզվով ամսագրի բովադակությունը և Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ամսագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում: Քննարկվել են նաև Նովրուզի օրերին Ճանապարհների անվտանգության ապահովմանն տեղեկատվական բաներների (billboard) տպագրման և տեղադրման, ինչպես նաև թեժ գծի ապահովմանն ուղղված հարցեր:
Հիշեցնենք, որ իրանական կողմի տեղեկատվության համաձայն՝ 2016 թվականին, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Նովրուզին նախորդած երեք օրվա ընթացքում Հայաստան մեկնած իրանիների թիվն ավելացել է 43%-ով: Հայկական կողմի տվյալներով՝ տարեցտարի ավելանում է Հայաստան այցելող իրանցիների թիվը: Օրինակ` եթե 2009-ին անցկացված դիտարկման համաձայն Հայաստան ժամանած իրանցիների թիվը կազմել է ավելի քան 80 հազար, ապա 2010-ին արձանագրվել է 40 տոկոս աճ` շուրջ 120 հազար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2016 թ. արդյունքների համաձայն՝ հանրապետություն է ժամանել 2.867 մլն օտարերկրացի, որից 1.259 մլն.-ը` զբոսաշրջության նպատակով: Ինչպես նշել են ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեում, Հայաստանում զբոսաշրջության աճի առումով առավել կարևոր դեր են խաղում` Ռուսաստանը, Իրանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Չինաստանը և այլ երկրներ: Ընդ որում՝ իրանցի զբոսաշրջիկների թիվը 2016-ին աճել է 30%, իսկ ռուս զբոսաշրջիկների թիվը`2.3%, նախորդ տարվա 6% անկումից հետո: