Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և
Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) կոչ են անում ապահովել հակամարտության գոտում վերջին սրման ժամանակ զոհվածների դիակների դուրս բերման հնարավորություն: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարություններից, ինչպես նաև այլ աղբյուրներից ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին տրամադրված տեղեկատվության համաձայն, փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի լուրջ խախտում է արձանագրվել, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Մի քանի դիակ մնացել է չեզոք տարածքում: Կողմերը հարձակման փորձի մեջ միմյանց են մեղադրում:
Համանախագահները կողմերին կոչ են անում նախնական դիրքեր վերադարձնել ծանր ռազմական տեխնիկան, որն ավելի վաղ մոտեցվել էր շփման գծին, և ապահովել զոհվածների դիերի տարհանումը` ըստ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի միջնորդությամբ նախօրեին ձեռք բերված
համաձայնության: Համանախագահները նաև հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու կողմերի պարտավորությունների մասին»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր: