Արմինֆո. ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մտավախություն է հայտնել այն առնչությամբ, որ երկրի ընտրողների կեսից ավելին առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաշառք կվերցնի և կքվեարկի Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
Զուրաբյանը գտնում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմների՝ քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում և ընտրական գործընթացի օնլայն հեռարձակում, շուրջ ընդդիմության և իշխանության միջև ձեռքբերված փոխհամաձայնությունը զգալիորեն նվազեցնում է կեղծիքների հնարավորությունը, ինչի առնչությամբ կառավարող կուսակցությունն ստիպված է դիմել նախընտրական կաշառքների:
Զուրաբյանի խոսքով, իրեն արդեն լուրեր են հասել ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար և ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի կողմից յուրաքանչյուր ընտրողի $100 կաշառք բաժանելու մասին: Նրա կարծիքով, ընդդիմությունը պետք է ընտրակաշառքների բացասական հետևանքների մասին մասշտաբային լուսավորչական աշխատանք տանի ընտրողների հետ: Հակառակ դեպքում, գտնում է քաղաքական գործիչը, ընդդիմությունը պարտություն կկրի:
Քաղաքական գործիչը չի կարողացել կանխատեսել, թե ինչպիսին կլինեն ապրիլյան ընտրությունների արդյունքները: Ավելին, նրա կարծիքով, մասշտաբային նախընտրական կոռուպցիայի հետ կապված՝ իրավիճակն այնքան անկանխատեսելի է դառնում, որ ընտրապայքարին մասնակցող ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում՝ ՀՀԿ-ն, չի կարող համոզված լինել իր հաղթանակում: Այս համատեքստում Զուրաբյանը չի բացառել, որ նման պայմաններում ընտրություններին միասնական համամասնական ցուցակով հանդես եկող Հայ ազգային կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը չեն կարողանա հաղթահարել 7% շեմը: