Արմինֆո.Հարավային Կովկասի համար հիմնական սպառնալիքը մնում է Ադրբեջանում գոյություն ունեցող կառավարման ռեժիմը, որը լիովին զուրկ է զինված ուժերի վերահսկողության ժողովրդավարական ձևերից և այդ պարագայում ամենևին կարևոր չէ, թե որքան և ինչ տեսակի սպառազինություն կա այնտեղ, ՌԻԱ Նովոստի գործակալությանը հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ավելի կարևորն այն է, որ, ինչպես հաճախ տեղի է ունենում նման պետությունների պատմության մեջ, ինչ-որ կերպ կգտնվի այն ուժը, որի համար այդ զենքի կիրառումը կդառնա այն գործիքը, ինչը կապահովի այդ երկրում որոշումներ կայացնելու վրա իրենց սեփական ազդեցությունը:Դրանք կարող են լինել ներքաղաքական կամ ներպետական և առհասարակ՝ ցանկացած զարգացումներ: Բռնապետությունը երբեք ապահովագրված չէ այն սպառնալիքներից, որոնք մենք հատկապես վերջին տասնամյակներում հստակ տեսնում ենք նմանատիպ երկրների օրինակներով: Չնայած ակնհայտ է, որ զենքի առկայության սահմանափակումը կարող էր դառնալ կարևոր գործոն լարվածության ներուժը զսպելու կամ կառավարելու հարցում»,- հայտարարել է նախարարը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ Հայաստանում զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության համակարգը, և ընդհանրապես՝ ժողովրդավարական վերահսկողության համակարգն անհամեմատ ավելի ուժեղ է, քան Ադրբեջանում:
«Կառավարման համակարգի որակը Հայաստանում շատ բարձր է, Հայաստանի զինված ուժերի սպայական կազմը և բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված են զինված ուժերի կառավարման համակարգի մեջ, անցել են շատ լուրջ մարտական ուղի, ունեն ակադեմիական ռազմական կրթություն, և ես վստահ եմ, որ տարածաշրջանը ճանաչող փորձագետների համար գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստվածության աստիճանը նկատելիորեն գերազանցում է ‹‹մարտունակ›› պարզունակ բնորոշումը: Այսինքն, զինված ուժերը պատրաստ են ավելիին, քան ուղղակի մարտունակության նիշն է: Սակայն ավելի լայն համատեքստում, ընդհանրապես, ճիշտ եք՝ մենք գտնում ենք, որ պաշտպանության կազմակերպման գործում շատ ավելի կարևոր է նախապատվությունը տալ ոչ թե քանակին, այլ որակին: Եվ դա, մասնավորապես, վերաբերում է սպառազինության գնման համակարգին, գործընկերների որոնման արդյունավետությանը և այնպիսի զինատեսակների ներդրմանը, որոնք հնարավորություն ունեն համարժեք արձագանքել առկա վտանգներին և սպառնալիքներին»,- ընդգծել է նա: