Արմինֆո.Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Տեոխարուսի և Յարոմիր Շտետինայի նկատմամբ` Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի դիտարկման համար:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազությունը, Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ համապատասխան հոդվածներով` որպես դիտորդ փետրվարի 20-ի հանրաքվեին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղ «ապօրինի այցելության» համար:
Բացի այդ, եվրախորհրդարանականներին մեղսագրվում է նաև «անջատական կազմավորման» քարոզչության իրականացում, այդ տարածքում կազմակերպված միջոցառումներին ապօրինի մասնակցություն, «ապօրինի կազմավորման» որպես անկախ հանրապետություն ներկայացում: Ադրբեջանական աղբյուրների համաձայն, դատարանը Ֆրանկ Էնգելին, Էլենի Տեոխարուսին և Յարոմիր Շտետինային ձերբակալելու որոշում է կայացրել, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Ինտերպոլի» գծով:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ԱՀ ՔՕ տարբեր հոդվածներով քրեական գործ է հարուցել նաև Հայաստանի ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանի, Իսպանիայի բնագիտության ազգային թանգարանի հետազոտող Յոլանդ Ֆերնանդես Խալվոյի, Բրիտանական թանգարանի «Ազոխի նախագծի» տնօրեն Բլանֆորդ Թանյու Քինգի, Լոնդոնի բնագիտության թանգարանի գիտաշխատող Փիթեր Էնդրյուի կողմից 2002 թվականից Լեռնային Ղարաբաղում անցկացվող հնագիտական պեղումների առնչությամբ: Նաև նշվում է, թե Իսպանիայի բնագիտության ազգային թանգարանը և Գիտությունների ու տեխնոլոգիաների նախարարությունը, Մեծ Բրիտանիայի Գոլուեյ համալսարանը և Armenian General Benevolent Union-ի Լոնդոնի մասնաճյուղը կասկածվում են պեղումներին ֆինանսական և այլ աջակցության համար:
Փետրվարի 20-ին Արցախում կայացել է սահմանադրական հանրաքվե: Մասնակցությունը կազմել է 76,44%: Ըստ նախնական արդյունքների, հանրապետության հիմնական օրենքի փոփոխությունների նախագիծը պաշտպանել է ընտրողների 87,6%-ը, «դեմ» է քվեարկել 9,7%-ը: Հանրաքվեի ընթացքին հետևել են 104 օտարերկրյա դիտորդներ աշխարհի 30 երկրներից: