Արմինֆո.Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը վերջին շրջանում հանդես է գալիս հայտարարություններով, որոնք չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ դիտորդական առաքելության ղեկավար, Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդսուարդ Շարմազանովը` ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով մենաբանելով Արցախի հանրավքեի վերաբերյալ Ալիևի հայտարարությունը:
Նրա ասելով, այդ հայտարարությունները հակասում են խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ոգուն և տրամաբանությանը: «Դա Ադրբեջանի ղեկավարության հերթական անհեթեթությունն է: Սակայն նման հայտարարությունները հակասում են հենց Ադրբեջանի շահերին և նպաստում Արցախի կայացմանն ու զարգացմանը», - նշել է Շարմազանովը: Ընդ որում, նա փաստել է, թե որքան շատ մարդ ներառվի Ադրբեջանի «սեև ցուցակում», այնքան ավելի շատ կլինեն Լեռնային Ղարաբաղ այցելելու ցանկություն ունեցողները:
Խոսելով Ղարաբաղի հարցի նկատմամբ ՀԱՊԿ գծով Հայաստանի գործընկեր երկրների ոչ միանշանակ դիրքորոշման մասին` Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս նախագահի մակարդակով հայտարարել է, այդ թվում` ՀԱՊԿ շրջանակում, որ կազմակերպությունում կան երկրներ, որոնք իրենց պահում են ոչ որպես դաշնակից, այդ թվում` 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ռազմական ագրեսիա էր նախաձեռնել:
«ՀԱՊԿ հաջողության գրավականը դրա միասնությունն է: Որոշ երկրների, այդ թվում` Բելառուսի դիրքորոշումը հակասում է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ դիրքորոշմանը: Չնայած վերը նշված գործոնին և առկա հակասություններին` Հայաստանն արդարացված է համարում իր ՀԱՊԿ անդամոթյունը», - ասել է Շարմազանովը: Նա նաև մութ գործարք է որակել Բելառուսի կողմից Լապշինի արտահանձնումն Ադրբեջան:
Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին` նա հայտարարել է, որ այն վերստին հաստատեց սեփական ճակատագիրը միանձնյա որոշելու Արցախի ժողովրդի իրավունքը և ապացուցեց նրա հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, թե սահմանադրական հանրաքվեն Ղարաբաղում ապօրինի է, վերստին հաստատելով բացառապես պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիմա վրա հակամարտությունը լուծելու Բաքվի մտադրությունը: