Արմինֆո.Իշխանական շրջանակներում ԱրմԻնֆո- աղբյուրների համաձայն, առաջիկայում փոփոխություններ են սպասվում է ոչ միայն ներքաղաքական դաշտում, այլև` Հայաստանի դիվանագիտական կորպուսում:
Այսպես, աղբյուրների համաձայն, ամենամոտ ժամանակներս նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը, որն օրերս հայտարարել է ՀՀՇ-ից դուրս գալու և խորհրդարանական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու մասին, կնշանակվի Հայաստանի դեսպան Կանադայում:
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որը հրաժարվել է ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցությունից և, անգամ, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից, իր համար «խնդրել է» Հայաստանի դեսպանի պաշտոնն Իտալիայում, որտեղ գործունեություն են ծավալել նրա որդիները:
Խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որն արդեն ԱԺ փոխոսնակի պաշտոն չի ակնկալում, դատելով ՀՀԿ համամասնական ցուցակում իր զբաղեցրած 12-րդ հորիզոնականից, այժմ հավակնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնին: Ընդ որում, ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Նաղալյանը ջանում է ոչ միայն իր, այլև` Չինաստանում գտնվող իր որդու համար, որին ցանանկում է «տեղավորել» ԿԺԴՀ-ում ՀՀ դեսպանության առևտրային կցորդի պաշտոնում: