Արմինֆո. «Ելքը» մերժել է խորհրդարանական ընտրություններին համագործակցության վերաբերյալ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առաջարկը: Այդ մասին ասվում է փետրվարի 15-ին տարածված հայտարարության մեջ:
«Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔե դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում: Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017թվականի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում դաշինքային փոխհարաբերությունների ձևավորումը և դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը:
Այսուհանդերձ, մենք պատրաստակամ ենք եղել ԵԼՔ դաշինքի կազմում ռեյտինգային ընտրակարգով ներառել ԱԻՄ ներկայացուցիչներին, որի մասին կատարել ենք առաջարկ, ինչը մերժվել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ համագործակցության առաջարկը համարում ենք տեխնիկապես անհնար և ժամանակավրեպ»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հայրիկյանը հայտնել էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ համագործակցության մասին, սակայն հայտարարել է այն լքելու մտադրության մասին՝ պատճառաբանելով, որ դաշինքի ներսում տարաձայնություններ կան:
Նշենք, որ «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Համամասնական ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, երրորդ տեղը բաժին է ընկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանին: