Արմինֆո. Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) ԱՄՆ Պետդեպարտամենտին կոչ է արել խոչընդոտել իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի վաճառքին Ադրբեջանին: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնել այդ զենքի տարածման և այն վտանգների առնչությամբ, որ այն կարող է սպառնալ տարածաշրջանում ԱՄՆ շահերին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են կոմիտեի մամուլի ծառայությունից, փետրվարի 13-ին ANCA-ն նամակ է հղել Պետդեպարտամենտի ռազմական կոմիտե, որում պաշտոնական Վաշինգտոնին խնդրել է խոչընդոտել «Երկաթե գմբեթի» վաճառքին Ադրբեջանին: «Կարծում ենք, որ այդ քայլը կվնասի ԱՄՆ շահերին տարածաշրջանում, կմեծացնի հակամարտության վերսկսման ռիսկերը, կհեռացնի խաղաղության հաստատման գործընթացը և պոտենցիալ հնարավորություն կստեղծի հակաամերիկյան տերությունների ձեռքում ժամանակակից սպառազինության տեխնոլոգիաների հայտնվելու համար», - ասվում է կազմակերպության նամակում:
Միևնույն ժամանակ, ANCA-ն ղեկավարվելով տեղեկատվության ազատության մասին օրենքով, խնդրել է տրամադրել Ադրբեջանին «Երկաթե գմբեթի» վաճառքին առնչվող բոլոր պաշտոնական զեկույցները:
ANCA գործադիր տնօրեն Արամ Համփարյանը համոզմունք է հայտնել, որ այդ համակարգը միայն կդրդի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին սրել իրավիճակը հակամարտության գոտում: «Այդ վաճառքը կվիժեցնի խաղաղության ամրապնդմանն ու զենքի չտարածմանն ուղղված ԱՄՆ ու ԵԱՀԿ ջանքերը, դրանով իսկ մեծացնելով ինչպես Կովկասում իրավիճակի ապակայունացման, այնպես էլ հակաամերիկյան երկրների ձեռքում` Բելառուսով Հյուսիսային Կորեա, ժամանակակից զենքի տեխնոլոգիաների հայտնվելու ռիսկերը», - կարծում է Համփարյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը հաղորդել էր Իսրայելից «Երկաթե գմբեթ» համակարգեր ձեռք բերելու Ադրբեջանի մտադրության մասին: Նա նշել էր, որ սպառազինությունն արդեն պատրաստ է մատակարարման:
«Երկաթե գմբեթը» իսրայելական ՀՀՊ մարտավարական համակարգ է, որը նախատեսված է 4-70 կմ թռիչքի հեռավորությամբ անկառավարելի մարտավարական հրթիռներից պաշտպանվելու համար: Յուրաքանչյուր մարտկոց կարող է պաշտպանել 150 քկմ մակերեսով տարածք: Համակարգը մշակել է Rafael ընկերությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության տարիներին շուրջ 5 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքել, դրանց մեծ մասն արդեն կատարվել է: