Արմինֆո.«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: «Ինձ համար մեծ պատասխանատվություն է գլխավորել ցուցակը», - ընդգծել է Մարուքյանը:
Համամասնական ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, երրորդ տեղը բաժինք ընկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանին: Նշենք, որ ընտրությանը մասնակցել է 13-ական պատվիրակ յուրաքանչյուր կուսակցության քաղխորհրդից:
Հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունները նշանակված են ապրիլի 2-ին, սակայն շատ քաղաքական ուժեր կարծում են, որ օրվա ընտրությունը հակասում է ՀՀ սահմանադրության և Ընտրական օրենսգրքի դրույթներին, բացի այդ, նրանց կարծիքով, այդ օրը քվեարկության անցկացումն ունի նաև բարոյական համատեքստ, քանի որ ապրիլի 2-ին լրանում է ապրիլյան պատերազմի տարելիցը: Այդ առնչությամբ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեմ չէ ընտրությունների օրը փոխելուն, եթե լինի լիակատար քաղաքակաան փոխհամաձայնություն, սակայն` ոչ իրավական նկատառումներով, քանի որ, նախագահի կարծիքով, իր որոշումը լիովին համապատասխանում է ՀՀ սահմանադրության և օրենքների պահանջներին, այլ` հենց ելնելով բարոյաէթիկական նորմերից: «Ես նույնպես կցանկանայի ապրիլի 2-ը և հաջորդ մի քանի օրը նվիրել մեր հերոսների հիշատակին», - հայտարարել է Սերժ Սարգսյանը: ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան ապրիլի 9-ին: