Արմինֆո.ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դերակատարությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ձևավորման և վերջինիս գործունեության հարցերում մեծ չէ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Բաբայանի հետ ունենք մտերիմ հարաբերություններ, սակայն մեր ընդհանուր գործունեությունում նա նա մեծ դերակատարություն չունի»,- հայտարարել է Օհանյանը՝ ավելացնելով, որ դաշինքի ձևավորման հարցում Բաբայանն իր վրա ազդեցությու չի ունեցել:
Մինչդեռ «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը հերքել է տեղեկատվությունը, որ Բաբայանը մասնակցել է դաշինքի ցուցակի ձևավորմանը:
Նշենք, որ «Երրորդ հանրապետություն» կուսակցության առաջնորդ Վիկտոր Դալլաքյանը, ով լքել է դաշինքի շարքերը, հայտարարել է, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն զբաղվում է նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ձևավորված դաշինքի համակարգման հարցերով:
Նրա խոսքով, Բաբայանը զբաղվում է դաշինքի համամասնական ցուցակի ձևավորմամբ: Ըստ որում, նա գտնում է, որ Բաբայանն ազդեցություն չունի Օհանյանի վրա, սակայն նա և որոշ այլ քաղաքական գործիչներ կարող են օգտվել քաղաքական գործչի անփորձությունից: Ըստ Դալլաքյանի, ցուցակը պետք է գլխավորի Օհանյանը, նրան կհաջորդի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, այնուհետև՝ նույն կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը, այնուհետև «Համախմբման» ևս 3 անդամ, իսկ ինքը պետք է լիներ 11-րդ տեղում: Դալլաքյանի խոսքով, նա դաշինքը լքել է՝ ոչ այն պատճառով, որ նույնիսկ կուսակցության ցուցակում չի ընդգրկվել, այլ՝ դաշինքի ներսում կուլուարային քննարկումների պատճառով: Ավելի վաղ դաշինքի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին հայտարարել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Բացատրելով հրաժարվելու պատճառները` կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշել էր, որ քաղաքական ուժերն առավելապես կենտրոնացել են ընտրացուցակներ կազմելու վրա, ինչը հարիր չէ գործիչներին` հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը: