Արմինֆո. Շվեդիայում Հայաստանի դեսպանատունը պարզում է ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի մահվան հանգամանքները: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ օրերս Շվեդիայում մահացել է 32-ամյա ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը, որտեղ նա ընկերների հետ գտնվել է որպես զբոսաշրջիկ: Բարսեղյանի ընկերներները տեղեկացրել են, որ փետրվարի 6-ին, Օրեբրո քաղաքում երիտասարդի մոտ կտրուկ վատթարացել է ինքնազգացողությունը, և նրանք որոշել են նրան տանել հիվանդանոց, բայց ձերբակալվել են տեղական ոստիկանության կողմից: Նրանք հայտնել են նաև, որ Բարսեղյանը մահացել է ոստիկանության մեկուսարանում, որտեղ նա տեղափոխվել է անգիտակից վիճակում, և որտեղ նրան ժամանակին չի ցուցաբերվել բժշկական օգնություն: