Արմինֆո. Զինված հանցախմբի գործի շրջանակներում ձերբակալված՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն ահազանգում է. իր պաշտպանյալը գտնվում է լիակատար մեկուսացման մեջ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, փետրվարի 11-ից իր պաշտպանյալի հետ հանդիպելու նրա փորձերն ապարդյուն են անցել: «Այսինքն՝ Վահան Շիրխանյանը լիակատար մեկուսացման մեջ է պահվում. Նրան չեն թույլատրում հանդիպել ինչպես հարազատների, այնպես էլ՝ փաստաբանի հետ»,- հայտարարել է Ալումյանը: Ինչպես նշել է փաստաբանը, գրավոր դիմումի մերժումը պատճառաբանել են այն բանով, որ Վահան Շիրխանյանը չի ցանկանում դուրս գալ իր խցից ու ներկայանալ տեսակցությունների համար նախատեսված սենյակ։ «Վերջին 6 ամիսներին Վահան Շիրխանյանը չի կարողանում ինքնուրույն գալ տեսակցությունների սենյակ: Նրան մշտապես օգնում էին, հիմա իրավիճակը փոխվել է, նրան այլևս չեն ցանկանում օգնել փաստաբանի հետ հանդիպման գալ»,- պարզաբանել է Ալումյանը:
Նրան բանավոր կերպով հայտարարել են, որ խցի տարածքն արգելված գոտի է, մուտքն արգելված է փաստաբանների համար: «Դա ընդամենը պատրվակ է. մերժման պատճառը խորքային է: Նրանք ուղղակի ցանկանում են հոգեբաներոն կոտրել Շիրխանյանին»,- հայտարարել է փաստաբանը՝ ավելացնելով, որ վերջին հույսը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է: «ՄԻԵԴ-ը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված 5 հարց է ուղղել կառավարությանը, որոնց պատասխանները պետք է տրվեն մինչև փետրվարի 22-ը»,- հիշեցրել է Հայկ Ալումյանը:
Վահան Շիրխանյանը ձերբակալվել էր 2015 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով: Դեկտեմբերի 21-ին Երևանի Կենտրոն-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վահան Շիրխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցագործ խմբավորումը, որը մի շարք ծանր հանցագործություններ էր նախատեսում ՀՀ տարածքում: Երևանի նախկին բնակիչ, ներկայում արտասահմանում ապրող Արթուր Վարդանյանը Երևան էր ժամանել 2015 թվականին, ստեղծելով նշված հանցագործ խումբը և ղեկավարելով այն: Ըստ նախնական տվյալների, խումբ մեծ քանակով զենք է ձեռք բերել, որը պահվել է Նորք-Մարաշ շրջանի տներից մեկում: Նոյեմբերի 25-ին ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգներ, ատրճանակներ, ականանետրեր, պայթուցիկներ, զինվորական համազգեստ, զրահաբաճկոն, կապի միջոցներ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1 և 2 մասերով, ինչպես նաև 235 հոդվածի 3 մասով: Քննությունն ընթանում է: