Արմինֆո.ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն զբաղվում է նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ձևավորված դաշինքի համակարգման հարցերով: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Երրորդ հանրապետություն» կուսակցության առաջնորդ Վիկտոր Դալլաքյանը:
Նրա խոսքով, Բաբայանը զբաղվում է դաշինքի համամասնական ցուցակի ձևավորմամբ: Ըստ որում, նա գտնում է, որ Բաբայանն ազդեցություն չունի Օհանյանի վրա, սակայն նա և որոշ այլ քաղաքական գործիչներ կարող են օգտվել քաղաքական գործչի անփորձությունից: Ըստ Դալլաքյանի, ցուցակը պետք է գլխավորի Օհանյանը, նրան կհաջորդի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, այնուհետև՝ նույն կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը, այնուհետև «Համախմբման» ևս 3 անդամ, իսկ ինքը պետք է լիներ 11-րդ տեղում: Դալլաքյանի խոսքով, նա դաշինքը լքել է՝ ոչ այն պատճառով, որ նույնիսկ կուսակցության ցուցակում չի ընդգրկվել, այլ՝ դաշինքի ներսում կուլուարային քննարկումների պատճառով: Ըստ որում, նա ավելացրել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցը դեռ չի քննարկել:
Քաղաքական գործիչը նշել է, որ Օհանյանի դաշինքի և «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև համագործակցությունը ձախողվել է՝ «Համախմբման» ամբիցիոզ պահանջների պատճառով: «Եթե դաշինքները համախմբվեին, կհաջողվեր ընդդիմադիր բևեռ ձևավորել և արմատական փոփոխութուններ իրականացնել»,- ասել է Դալլաքյանը:
Նախօրեին նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունե կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին Օհանյան-Օսկանյան դաշինքի կազմում մասնակցելու մասին: Մինչդեռ, դաշինքի հիմնադիր անդամ «Երրորդ հանրապետությունե կուսակցությունը` ի դեմս նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի, հայտարարել է այդ քաղաքական կառույցից դուրս գալու մասին: Հայկական ԶԼՄ-ների համաձայն, Դալլաքյանի այդ որոշումը պայմանավորված է Հովհաննիսյանի և նրա կուսակիցների հետ համագործակցելու ցանկության բացակայությամբ: Դաշինքի մյուս անդամը, որը հայտարարել է դրանից դուրս գալու մտադրության մասին, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում դաշինքին կոչ է արել արագացնել կազմակերպական հարցերը: Ավելի վաղ դաշինքի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին հայտարարել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Բացատրելով հրաժարվելու պատճառները` կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշել էր, որ քաղաքական ուժերն առավելապես կենտրոնացել են ընտրացուցակներ կազմելու վրա, ինչը հարիր չէ գործիչներին` հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը: