Արմինֆո. Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկ-մասնագետը Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 10-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոցե քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին:
Ինչպես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը,
ուսումնասիրվել են նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույց են ունեցել կալանավորված Ա.Սարգսյանի հետ: Առանձնազրույցների ընթացքում Ա.Սարգսյանը հայտնել է, որ հացադուլ է հայտարարել իր նկատմամբ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց անհիմն ընտրելու կապակցությամբ:
Նշենք, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել է ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռերինե հաց բերած Արթուր Սարգսյանը: Հատուկ քննչական կոմիտեն հաղորդում է, որ կալանավորման որոշումը պայմանավորված է Սարգսյանի կողմից իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանների բազմակի խախտումներով: Սարգսյանի փաստաբանը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: