Արմինֆո.Տվյալ պահի դրությամբ կուսակցություններից ոչ մեկն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել: Փետրվարի 10-ին լրագրողներին այդ մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նաև հաղորդել է, թե չի կիսում այն կարծիքը, որ նոր ընտրական գործընթացն անհասկանալի է և բարդ շարքային ընտրողի համար: «Դա չափազանցություն է: Պարզապես, կան ընթացակարգեր, նորամուծություններ, մասնավորապես, քվեարկությունից հետո չծալել քվեաթերթիկները, դրանց նույնականացում, ծրարների կիրառում և այլն: Այդ առնչությամբ մենք պատրաստել ենք հատուկ տեսահոլովակ, որն արդեն հասանելի է ԿԸՀ կայքում: Բացի այդ, երբ արդեն լինեն առաջադրումներ, մենք կսկսենք քաղաքացիների իրազեկման ավելի ինտենսիվ արշավ», - ասել է Մուկուչյանը:
ԿԸՀ ղեկավարն անդրադարձել է նաև վարկանշային ընտրացուցակներին և կոչ է արել մոռանալ «ռեյտինգային» տերմինը: «Ոչ թե ռեյտինգային, այլ տարածքային: Յուրաքանչյուր ընտրատեղամասում ներկայացված կլինեն համահանրապետական և տարածքային ցուցակներ: Համահանրապետական ցուցակները բաղկացած կլինեն երկու մասից, որոնցից մեկը ազգային փոքրամասնությունների ցուցակն է: Իսկ քվեաթերթիկը կլինի երկկողմանի: Մի կողմում համամասնական ցուցակի անվանումը, համարը, թեկնածուների անունները, մյուսում` տվյալ տարածքի թեկնածուների անունները», - նշել է Մուկուչյանը: Նա նաև պատմել է ձայների հաշվարկի մեխանիզմների մասին և նշել, որ առաջին հերթին կորոշվեն 5% և 7% շեմերը հաղթահարածները, և արդեն դրա հիման վրա կբաշխվի մանդատների քանակը: Նրա ասելով, դրանք հավասարապես կբաշխվեն համահանրապետական և տարածքային թեկնածուների միջև: «Տարածքային ցուցակների դեպքում հիմք է ընդունվում ձայների թիվը, որոնք կուսակցությունն ստացել է տվյալ տարածքում: Այդպիսով կորոշվի, թե այս կամ այն կուսակցությանը քանի մանդատ կտրվի տվյալ տեղամասում», - եզրափակել է Մուկուչյանը: