Արմինֆո.Բելառուսը ելնում է այն բանից, որ Հայաստանն իր համար բարեկամական երկիր է, և բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու ֆոնին հայ պատգամավորների հայտարարություններն ուղղակի էմոցիաներ են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը։
«Բելառուսն ու Հայաստանը բարեկամ երկրներ են, ինտեգրացիոն միավորումների գծով գործընկերներ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում: Այդ պատճառով Հայաստանի խորհրդարանում հնչող հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, ուղղակի էմոցիաներ են»– ասել է Միրոնչիկը։
Նա ավելացրել է, որ ինքը տեղյակ չէ Հայաստանի այս կամ այն արտաքին քաղաքական քայլի առնչությամբ Բելառուսի խորհրդարանականների կողմից անհավասարակշիռ կամ, առավել ևս, վիրավորական գնահատականների մասին:
ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Բելառուսը բազմադարյա բարեկամական քաղաքականություն է վարում՝ անշեղորեն հետևելով միջազգային նորմերին և կատարելով իր իրավաբանական պարտավորությունները, ինչպես ընդունված է բոլոր իրավական ժողովրդավարական պետություններում:
Փետրվարի 7-ին Բելառուսի գերագույն դատարանը հիմնավոր է ճանաչել Մինսկի քաղաքային դատարանի՝ հունվարի 26-ի վճիռը, որով օրինական էր համարվել ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: Նույն օրը երեկոյան բլոգերին հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու: Այս առնչությամբ ՀՀ ԱԺ նիստի ժամանակ պատգամավորները պահանջել են հեռացնել Բելառուսին ՀԱՊԿ-ից, ԵՏՄ-ից, ինչպես նաև հետ կանչել դեսպանին Մինսկից: