Արմինֆո. Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը Մոսկվայի և Երևանի գործն է, բայց Բաքուն հաշվի է առնում այդ փաստը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Դա Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների գործն է: Իհարկե, հասկանալով, որ յուրաքանչյուր երկիր տարածաշրջանում նույնպես արձագանքում է՝ ելնելով այն սպառնալիքներից և մարտահրավերներից, որոնց վերջինս բախվում է: Այդ գործոնը նույնպես պետք է միշտ հաշվի առնել»,- ասել է Մամեդյարովը: Նա նաև հիշեցրել է, որ ռուսական ռազմակայանը Հայաստանում է եղել դեռ խորհրդային ժամանակներից:
«Այդ ռազմակայանը երկար ժամանակ է այնտեղ, դեռ Խորհրդային Միության ժամանակներից զորքերի բավականին ուժեղ խմբավորում էր գտնվում հարավային ուղղությամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ սահմանին: Տվյալ դեպքում, կարծում եմ, թող Ռուսաստանն ու Հայաստանը որոշեն: Իհարկե, մենք նույնպես պետք է աչքերը բաց պահենք՝ հաշվի առնելով մարտահրավերներն ու սպառնալիքները»,- ընդգծել է նախարարը:
Հավելենք, որ խոսքը վերաբերում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանին, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում: 2010 թվականի օգոստոսի 20-ին ՌԴ-ու Հայաստանը պայմանագիր են ստորագրել 102-րդ ռազմակայանի գործողության ժամկետը մինչև 2044 թիվը երկարաձգելու շուրջ: Նաև նախատեսվում է ընդլայնել դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտները: