Արմինֆո.Ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը կրում է բացառապես իրավական բնույթ և պետք է դիտարկվի իրավական հարթությունում: Այս մասին է ասված Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ Լապշինի քրեական գործի քաղաքականացնելը կամ քաղաքական երանգ տալը սխալ է: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Լապշինը, չնայած այն երկրների արտաքին գործերի նախարարությունների զգուշացումներին, որոնց քաղաքացիություն նա ունի, «անօրինական ուղևորություն է կատարել դեպի հայկական զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքները և հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված կոչերով»: Բլոգերը նաև մեղադրվում է նրանում, որ իմանալով իր անունն անցանկալի անձանց ցուցակում հայտնվելու մասին, 2016 թվականի հունիսին կրկին ներթափանցել է Ադրբեջանի տարածք, բայց մեկ այլ անձնագրով: «Նա բացեիբաց հայտարարել է, որ այդ գործողությունները կատարել է միտումնավոր: Քանի որ նրա գործողությունները պարունակում են ակնհայտ կոչեր, որոնք ուղղված են պետության դեմ, ինչպես նաև սահմանի անօրինական հատում, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը 281.2-րդ (պետության դեմ կոչ) և 318,2-րդ (սահմանի ապօրինի հատում) Հոդվածներով հարուցել է քրեական գործ, հայտարարելով նրա նկատմամբ միջազգային հետախուզում», - նշված է հայտարարության մեջ:
Ընդ որում, այդ պետության ԱԳՆ Հայաստանին մեղադրում է, որ խաբեության միջոցով արտասահմանյան քաղաքացիներին ներգրավում է դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորություններին, իսկ այնուհետև, իբր, փորձում է նրանց դարձնել քաղաքական քարոզչության գործիք, օտարերկրյա քաղաքացիներին կոչ անելով հրաժարվել ուղևորություններից դեպի ԼՂՀ:
Միևնույն ժամանակ, Միլլի Մեջլիսի նախկին խոսնակ Բահար Մուրադովան սպառնացել է, որ դեպի ԼՂՀ բոլոր այցելոներին էլ սպառնում է Լապշինի ճակատագիրը: Նա նաև հայտարարել է, որ Լապշինի արտահանձնումն այն շրջանակների տապալումն է, որոնք հանրությանը մղում են դեպի ԼՂՀ «անօրինական այցելությունների»: Ավելին, նա ընդգծել է, որ դա մեսիջ էր, ուղղված ԼՂՀ և Հայաստանի իշխանություններին, նրանց աջակցող շրջանակներին, ինչպես նաև նրանց, ովքեր պատրաստվում են անել նույնը, ինչ Լապշինը: Մուրադովան նաև ասել է, որ այդ հարցի շուրջ խոսելու հնարավորությունը Հայաստանին կընձեռվի ամենավերջին հերթին: «Լապշինի արտահանձնումն առաջին հերթին Ադրբեջանի և Բելառուսի կառավարությունների հավատարիմ լինելն է միջազգային իրավունքին, միջպետական հարաբերություններին և համաձայնագրերին: Հայաստանն արդեն գիտակցում է մինչ օրս այդ ուղղությամբ կատարած իր աշխատանքի ձախողումը: Հետևաբար, հասկանալի է նրա մտահոգությունը», - եզրափակեց նա: