Արմինֆո.Բելառուսի գլխավոր դատախազությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե Ռուսաստանն ու Իսրայելը դիմել են Ալեքսանդր Լապշինին հանձնելու խնդրանքնով: Ընդ որում դատախազությունում նշել են, որ Լապշինին քրեական պատասխանատվության ենթարկելու համար արտահանձնման մասին խնդրանք է ստացվել միայն Ադրբեջանից: «Այն կազմված է քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերին առնչվող իրավական օգնության և իրիավական հարաբերությունների մասին 2002 թվականի հոկտեմբերի 7-ի կոնվենցիային համապատասխան և ներառում է քրեական հետապնդման սահմանների պահպանման վերաբերյալ ադրբեջանական կողմի երաշխիքներ», - ընդգծել են գերատեսչությունում:
Փետրվարի 7-ին Բելառուսի գերագույն դատարանը հիմնավոր է ճանաչել Մինսկի քաղաքային դատարանի՝ հունվարի 26-ի վճիռը, որով օրինական էր համարվել ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: Նույն օրը երեկոյան բլոգերին հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու: Ռուսաստանի ԱԳՆ արձագանքել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնմանը: «Ռուսական կողմը խորը հիասթափություն է հայտնում այդ որոշման առնչությամբ, որը չի համապատասխանում ՌԴ և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն: Մտադիր ենք հետագայում ևս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու համար ՌԴ քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը` նրան շուտափույթ ընտանիքին վերադարձնելու նպատակով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը հայտարարել է, որ Իսրայելն ուշադիր հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին: «Մենք ուշադիր հետևում ենք Լապշինի գործում զարգացումներին և կապի մեջ ենք բոլոր համապատասխան կողմերի հետ՝ դիվանագիտական և հյուպատոսական խողովակներով»:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր դեկտեմբերի կեսին Մինսկում` Ադրբեջանի հարցմամբ, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` ԼՂՀ այցելելու համար, ուստի նրա մուտքն Ադրբեջան արգելված է: Այդուհանդերձ, 2015 թվականի հունիսին Լապշինին հաջողվել էր մուտք գործել Ադրբեջան Վրաստանով` ուկրաինական անձնագրով, որտեղ «Ալեքսանդր» անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` «պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ հասնելով Լապշինի արտահանձնմանը, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների այցին խոչընդոտելու նպատակ է հետապնդում: ԼՂՀ ԱԳՆ նույնպես արձագանքել է Մինսկի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի հանձնմանն Ադրբեջանին: «Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսևորում, այլև ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում», - ասվում է ԼՂՀ ԱԳՆ գահտարարությունում։