Արմինֆո.Վրաստանով նոր տարանցիկ միջանցքի բացման համար մնացել է վերջին՝ ամենադժվար քայլը: Ըստ որում, 2011 թ. համաձայնագրի իրականացմամբ շահագրգռված են ոչ միայն Ռուսաստանը և Վրաստանը, այլ նաև՝ Հայաստանը, գտնում է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«ՌԴ և Վրաստանի կառավարությունների միջև մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» 2011 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրում նշվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով Ռուսաստանից Վրաստան առևտրային միջանցքների անցումը՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ, որոնք կվերահսկեն և կմակնշեն բեռների հոսքը:
ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի՝ Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի Պրահայում կայացած հանդիպումն ավարտվել է «Առևտրային միջանցքների մասին» 2011 թ. պայմանագիրը կյանքի կոչելու վերաբերյալ որոշմամբ: Կարասինը, մասնավորապես, հայտարարել է, որ խոսքը վերաբերում է «գործնական ոլորտում լուրջ առաջընթացին»: Նրա խոսքով, կողմերը որոշել են քննարկել այն հարցերը, որոնք կարելի է լուծել «չանցնելով կարմիր գծերը»՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը, ինչպես նաև վերջիններիս տարածքում ռուսական զորքերի առկայությունը:
Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նրբանկատ հարցից, ինչպես նաև գործարկել Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ երկիրը Ռուսաստանի հետ կապող Ռազմավիրական ճանապարհը հաճախ փակվում է՝ եղանակային պայմանների պատճառով:
Կարասինը հայտնել է, որ Շվեյցարիայի իշխանությունների ներկայացուցիչները մարտի վերջին կայցելեն Մոսկվա և Թբիլիսի` քննարկելու դեռ չլուծված հարցերը, ինչից հետո Ռուսաստանը և Վրաստանը պետք է համաձայնագիր ստորագրեն SGS-ի հետ: